2013թ.-ի Եվրոպայի պատանեկան առաջնություն
2013 թ. մարտի 22 – 31 – ը Թուրքիայի Անկարա քաղաքում անցկացվեց բադմինթոնի Մ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունըª թիմային և անհատական ձևերում: Հայաստանի բադմինթոնի պատանեկան հավաքական թիմըª 2 տղա, 2 աղջիկ, նույնպես հնարավորություն ունեցավ մասնակցելու այս մրցաշարինª մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ:
Թիմային մրցաշարում Հայաստանն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր հավաքականի մրցակիցներն էին Բելգիան, Թուրքիան, Շոտլանդիան և Կիպրոսը: Ցավոք, մեր մարզիկ-մարզուհիները պարտվեցին բոլոր թիմերին: Տպավորիչ էր Կիպրոսի դեմ խաղում ՀՀ սպորտի վարպետ Գուրգեն Պողոսյանի տարած համոզիչ հաղթանակը Էլիաս Նիկոլաոյի հանդեպ` 2-1 հաշվով: Թիմի մյուս անդամները, չնայած պարտությանը, կարողացան դիմակայել իրենց հակառակորդներին:
Անհատական խաղերում մեր մարզիկներին կրկին չհաջողվեց հաղթանակ գրանցել: Մենախաղերում Գուրգեն Պողոսյանը պարտություն կրեց շվեդ Դուգլաս Լիդմանից (9-21, 14-21): Գոռ Հակոբյանը պարտվեց ռուս Կիրիլ Բոյարսկիյին (9-21, 20-22): Լիլիթ Պողոսյանը Շվեդիան ներկայացնող Լորիսա Ջոհանսենի հետ 41 րոպե անզիջում պայքարում ընդամենը 3 միավորի տարբերությամբ պարտություն կրեց 14-21, 22-20, 17-21 հաշվով: Լիլիթ Մինասյանի հակառակորդն էր 3-րդ տեղի հավակնորդ ռուս Եվգենիա Կոսետսկայան: Մինասյանը պարտություն կրեց 6-21, 7-21 հաշվով:
Տղաների զուգախաղերում Գուրգեն Պողոսյան - Գոռ Հակոբյան զույգը 1-2 հաշվով պարտություն կրեց Բուլղարիան ներկայացնող Դիմիտար Դելչեվ - Ստեֆան Գարեվ զույգից (21-18, 9-21,12-21) : Աղջիկների զուգախաղերում Լիլիթ Պողոսյան – Լիլիթ Մինասյան զույգը պարտվեց խորվաթ Կատարինա Գալենիչ – Լյուսիա Վլահ զույգին (5-21, 10-21):
Խառը զուգախաղերում Գոռ Հակոբյան – Լիլիթ Պողոսյան զույգը պարտվեց լիտվացի Իգնաս Ռեզնիկաս – Վիտաուտե Ֆոմկինաիտե զույգին: Գուրգեն Պողոսյան-Լիլիթ Մինասյան զույգը 17 – 21, 21 – 19, 11 – 21 հաշվով պարտվեց Չեխիան ներկայացնող Միխայիլ Սվետնիչկա - Դենիսա Սիկալեվա զույգին:
Ընդահանուր առմամբ փորձի պակասը թույլ չտվեց, որ մեր հավաքականը հաջող հանդես գա Եվրոպայի պատանեկան առաջնությունում, բայց, ամփոփելով խաղերի արդյունքները, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան դրական գնահատեց ելույթները և խնդիր դրեց իր առջև` հաջորդ խաղերին հնարավորինս ավելի լավ հանդես գալ: Ինչպես նաև ավելացնենք, որ մեր խաղացողները ոչնչով չեն զիջում Եվրոպայի մարզիկներին:
Տես լուսանկարները... >>>
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|