Պատմություն
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան հիմնադրվել է 1992թ. Երևանում: Նույն թվականին ֆեդերացիան ճանաչվել է Բադմինթոնի միջազգային միության (EBU) և Բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի (IBF) անդամ: Նշենք նաև, որ Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան 2006թ. վերանվանվել է Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի (BWF):
Հիմնադիր-նախագահն է Հարություն Բալյանը: 1999թ. նախագահել է Սամվել Հարությունյանը: 2002թ. նախագահ է ընտրվել Հրաչյա Պողոսյանը, ով մինչ օրս ղեկավարում է ֆեդերացիայի գործունեությունը: Մինչ նախագահ ընտրվելը, Հ. Պողոսյանը, որպես գլխավոր մարզիչ, գլխավորել է ազգային հավաքականը:
2003թ. Համահայկական 2-րդ խաղերի ժամանակ ֆեդերացիայի պատվավոր նախագահ է ընտրվել Բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ, Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, հայազգի մեծ բարերար Բյուզանդ Կասաբյանը:
1992թ.-ից սկսած Հայաստանի ազգային հավաքականը մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային տարբեր մրցաշարերին:
2000թ. Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի միջազգային մրցաշարում աղջիկների զուգախաղերում Աննա Նազարյան-Ռուզաննա Հակոբյան զույգը գրավեց 1-ին տեղը: Հաջորդ տարի Թեհրանի միջազգային մրցաշարի աղջիկների զուգախաղերում նույն զույգը գրավեց 3-րդ տեղը, աղջիկների մենախաղերում բրոնզե մրցանակին արժանացավ Աննա Նազարյանը:
2002թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայկ Միսակյանը գրավեց 17-րդ տեղը: 2001թ. Համահայկական 1-ին խաղերի աղջիկների զուգախաղերում Աննա Նազարյան-Ռուզաննա Հակոբյան զույգը գրավեցին 1-ին տեղը: Աղջիկների մենախաղերում Աննա Նազարյանն արժանացավ ոսկե, իսկ Ռուզաննա Հակոբյանը՝ արծաթե մեդալների: Տղաների մենախաղերում չեմպիոն դարձավ Հայկ Միսակյանը, ընկերակցելով Բյուզանդ Կասաբյանի հետ՝ Միսակյանը զուգախաղերում էլ դարձավ չեմպիոն: 2003թ. Ռուզաննա Հակոբյանը դարձավ Համահայկական 2-րդ խաղերի չեմպիոն, ինչպես նաև Ա. Նազարյանը և Ռ. Հակոբյանը նվաճեցին չեմպիոնական տիտղոսները:
Նույն թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Աննա Նազարյան-Ռուզաննա Հակոբյան զույգը գրավեց 3-րդ տեղը: Խառը զուգախաղերում նույն՝ բրոնզե մեդալին արժանացավ նաև Աննա Նազարյան-Հայկ Միսակյան զույգը:
2004թ. Համաշխարհային դասակարգման վարկանիշային ցուցակում Աննա Նազարյան-Ռուզաննա Հակոբյան զույգը աղջիկների զուգախաղերի լավագույն ցուցակում տեղ էր գտել 70-րդ հորիզոնականում, ինչը հնարավորություն էր տալիս մասնակցելու Հունաստանի օլիմպիական խաղերին, սակայն չբավարարեցին միավորները: 2005թ. Համահայկական 3-րդ խաղերում կրկնվեց 2003 թվականի պատմությունը:
2007թ. Համահայկական 4-րդ խաղերում Աննա Նազարյան-Լաուրա Սամվելյան զույգը աղջիկների զուգախաղերում դարձավ չեմպիոն, իսկ մենախաղերում լավագույնը Ա.Նազարյանն էր: Տղաների մենախաղերում չեմպիոն դարձավ Հայկ Միսակյանը, իսկ զուգախաղերում՝ Ռուբեն Պողոսյան և Հարություն Պողոսյան զույգը՝ հաղթելով Հայկ Միսակյան և Բյուզանդ Կասաբյան զույգին:
2006թ. Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ և ֆինանսավորմամբ, աշխարհի երեք երկրներում՝ Գերմանիայում (Սարբրուքեն), Բուլղարիայում (Սոֆիա) և Չինաստանում (Գուանչժոու) ամեն տարի ամռանը կազմակերպվում են ուսումնամարզական հավաքներ՝ աշխարհի լավագույն մարզիչների գլխավորությամբ:
Մեր լավագույն հեռանկարային մարզիկները, մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ, ամեն տարի պարտադիր մասնակցում են այդ հավաքներին՝ բարձրացնելով իրենց վարպետությունը: Այսօր ունենք մարզիկներ, ովքեր ապագայում կարող են բարձր վարպետություն ցույց տալ և հասնել մարզական հաջողությունների ամենատարբեր առաջնություններում:
Հոկտեմբերի 26-28-ը «Հրազդան մարզաթատերական համալիրի» մարզադահլիճում անցկացվեց բադմինթոնի Հայաստանի Հանրապետության 2009թ. առաջնությունը, որին մասնակցում էին Իջևանի Ստեփանակերտի և Երևանի մարզադպրոցները: Նշենք, որ Երևանի մասնակիցները հիմնականում ներկայացնում են թենիսի և բադմինթոնի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սաները (տնօրեն՝ Վարդան Սարգսյան):
Առաջնությանը մասնակցում էին 25 տղա և 22 աղջիկ, որից 4 աղջիկ Իջևանից, իսկ 4 տղա՝ Ստեփանակերտից: Պետք է ասել, որ առաջնությունում գրանցվեցին անակնկալներ. մեծահասակ, փորձառու խաղացողներին փոխարինելու են գալիս տեխնիկապես և տակտիկապես ճկուն խաղացողներ, ովքեր իրենց խաղաոճով նմանվում են եվրոպականին՝ հիմնականում շնորհիվ գլխավոր մարզիչ, ՀՀ նախկին բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի մասնակից, սպորտի վարպետ Հայկ Միսակյանի ջանքերի և Բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանի:
Ամփոփելով առաջնության արդյունքները, նշենք, որ տղաների մենախաղերում 1-ին տեղը գրավեց 14-ամյա Գուրգեն Պողոսյանը, որը համառ պայքարում 2-0 հաշվով հաղթեց Հրաչյա Մնացականյանին (երկուսն էլ՝ Երևանից): Երրրորդ տեղը գրավեց Վարդան Միրզոյանը՝ նույն հաշվով հաղթելով Սերգեյ Գրիգորյանին (երկուսն էլ՝ Ստեփանակերտից):
Աղջիկների մենախաղերում 1-ին տեղը գրավեց 13-ամյա Լիլիթ Պողոսյանը, որը 2-0 հաշվով առավելության հասավ Վեներա Բդոյանի նկատմամբ (երկուսն էլ՝ Երևանից): Երրորդ տեղը գրավեց Մելինե Քոչարյանը՝ 2-0 հաշվով հաղթանակ տանելով Իջևանի ներկայացուցիչ Սեդա Բեգինյանին (մարզիչ՝ Եվրոպայի մրցանակակիր, ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյան):
Տղաների զուգախաղերում առաջին տեղը գրավեց Հրաչյա Մնացականյան-Գուրգեն Պողոսյան զույգը՝ 2-0 հաշվով հաղթելով Գագիկ Բաղդասարյան-Գոռ Հակոբյան զույգին: Երրորդ տեղը գրավեց Սերգեյ Գրիգորյան և Ալեքսեյ Հակոբյան զույգը (երկուսն էլ՝ Ստեփանակերտից)՝ 2-0 հաշվով պարտության մատնելով Արմեն Բանդուրյան-Անդրանիկ Խաչատրյան զույգին (երկուսն էլ՝ Երևան):
Աղջիկների զուգախաղերում 1-ին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյան-Մելինե Քոչարյան զույգը՝ 2-1 հաշվով հաղթելով Վեներա Բդոյան-Սոնա Ղուկասյան զույգին: Երրորդը տեղը գրավեց Սեդա Բեգինյան-Մարե Պետրոսյան զույգը՝ 2-0 հաշվով առավելության հասնելով Լիլիթ Մինասյան-Դիանա Թադևոսյան զույգի նկատմամբ:
Ամփոփելով առաջնությունը, որը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նշենք, որ այս անգամ էլ բացակայում էին Գյումրիի և Վանաձորի ներկայացուցիչները: Քաղաքներ, որոնք խորհրդային տարիներին տվել են բադմինթոնի վարպետներ, սակայն այժմ այս քաղաքների սպորտի պատասխանատուները մոռացության են մատնել բարի ավանդույթները: Մեկ անգամ ևս վերջիններիս ուշադրությունը հրավիրենք բադմինթոն մարզաձևի զարգացման վրա: Դիմում ենք նաև հանրապետության տարբեր մարզերի սպորտի պատասխանատուներին, որ հնարավորինս աջակցեն այս գեղեցիկ և մատչելի մարզաձևի զարգացմանը մարզերում: Իսկ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան պատրաստ է տրամադրել համապատասխան գույք:
Ուզում ենք հատուկ նշել, որ N 155 միջնակարգ դպրոցը դարձել է բադմինթոնի մի մեծ օջախ, որտեղ պատրաստվում են բարձրակարգ մարզիկներ՝ մարզիչ էլյա Մեսրոպյանի գլխավորությամբ: Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան իր հատուկ շնորհակալությունն է հայտնում դպրոցի տնօրեն տիկին Լուսինե Դանիելյանին՝ բադմինթոնի մասսայականացման և զարգացման համար:
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |