logo

Սեմինար-պարապմունք մամուլի պատասխանատուների համար

Փետրվարի 12 – 14 – ը Բելգիայի Լյոուվեն քաղաքում անցկացվեց բադմինթոնի Եվրոպական կոնֆեդերացիայի մամուլի պատասխանատուների սեմինար-պարապմունք, որի հիմնական նպատակն էր մարզաձևը լուսաբանող աշխատակիցներին ծանոթացնել ինչպես հեռուստատեսության, այնպես էլ մամուլի աշխատանքներին: Նշենք, որ նման միջոցառում Եվրոպական կոնֆեդերացիան կազմակերպել էր առաջին անգամ: Տեղեկացնենք նաև, որ մեդիա աշխատանքներին զուգահեռ սեմինարին մասնակցող մարզական լրագրողները ներկա գտնվեցին նաև Եվրոպայի թիմային առաջնությանը: Բադմինթոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի հրավերով նման սեմինար-պարապմունքի մասնակցելու հրավերք էր ստացել նաև Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը:

Լյոուվեն ժամանած ֆեդերացիաների մամուլի պատասխանատուներին Եվրոպական կոնֆեդերացիայի լրատվական ծառայության ղեկավար Մանուել Ռոսլերը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում այն դրական տեղաշարժերը, որ տեղի են ունեցել բադմինթոն մարզաձևի զարգացման շուրջ: Միայն այն փաստը, որ այսօր բադմինթոնով հետաքրքրվող և այս մարզաձևի մասին գրող լրագրողների թիվն արդեն հասել է 750-ի, իսկ facebook – ից և  twitter-ից օգտատերերի թիվն անցել է 600.000-ը, հաջողության լավագույն գրավական համարվեց: Մանուել Ռոսլերը նշեց նաև, որ Եվրոպական  կոնֆեդերացիան ունի բադմինթոնի մասին պատմող ամսագիր` Badminton Europe, որն օնլայն կարդում են շուրջ 30.000 մարդ: Այնուամենայնիվ, այս դրական աճը, ըստ պատասխանատուների, դեռ բավարար չէ: Բադմինթոնի մասին այսօր քիչ են գրում և քիչ ցուցադրում: Սեմինարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ ներկայացնել իրենց երկրում տարվող աշխատանքները: Տեղեկացնելով Հայաստանում բադմինթոն մարզաձևի զարգացման հեռանկարները` իմ կողմից նշվեց, որ ֆեդերացիայի նոր ղեկավար կազմը, իր նորընտիր նախագահի` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի և մյուս պատասխանատուների շնորհիվ Հայաստանում մշակվել է բադմինթոնի զարգացման նոր ծրագիր, որտեղ լուրջ ներդրումներ պետք է կատարվեն: Բադմինթոնը մասսայականացնելու առաջին քայլը կատարվել է հանրակրթական դպրոցներում: Այս ծրագիրը հավանության է արժանացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Հայտարարությունը, անկասկած, զարմացրեց Եվրոպական կոնֆեդերացիայի պատասխանատուներին և սեմինարի մասնակցող շուրջ 22 երկրների ներկայացուցիչներին, որոնք ողջունեցին Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նման ծրագրերը:

Երկօրյա սեմինար-պարապմունքների ընթացքում եղան նաև բազմաթիվ հարց ու պատասխաններ, իսկ վերջին օրը մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասվում: Մարզական լրագրողները հնարավորություն ունեցան տեղում բլից հարցազրույց անցկացնել բադմինթոնի համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջատարներից մի քանիսի հետ: Հարցազրույցի էին ներկայացել աշխարհի թիվ երկրորդ ռակետ դանիացի Յան Յորգենսենը, իռլանդացի Սքոթ Էվանսը ( 4-րդ ռակետ ) և  անգլիացիներ Քրիս և Գաբրիելա Ադքոք զույգը, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 5-րդ համարն է:

Սեմինարի վերջին օրը մասնակիցները ներկա գտնվեցին Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչին, որտեղ դանիացիները Յան Յորգենսենի գլխավորությամբ առավելության հասան անգլիացիների նկատմամբ` 3-0 հաշվով:

Վարդան Թադևոսյան
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի քարտուղար

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան