Բադմինթոնի Իրանի միջազգային մրցաշար 2015 թ.
Փետրվարի 12-15 – ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացավ 15.000 դոլլար մրցանակային հիմնադրամով Iran Fajr International Challenge 2015 անվանումը կրող բադմինթոնի ամենամյա միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս մրցաշարին, մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ, Հայաստանը ներկայացրին հավաքականի անդամներ Հայկ Միսակյանը, Լիլիթ Պողոսյանը, Քնարիկ Մարգարյանը, Մարիետա Նիկոյանը և Անահիտ Մանուկյանը:
Նախապես պայմանավորված լինելով Թավրիզ քաղաքի բադմինթոնի ֆեդերացիայի հետ` Հայաստանի պատվիրակությունը, մինչ Թեհրան մեկնելը` փետրվարի 10-ին համատեղ մարզումներ ու ընկերական հանդիպումներ անցկացրեց Թավրիզի աղջիկների հավաքական թիմի հետ: Հայաստանի աղջիկների հավաքականը բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտեց:
Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Հայկ Միսակյանը, ով նաև աշխատել է որպես գլխավոր մարզիչ, 36 տարեկան հասակում կարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Առաջին խաղում Միսակյանը 2-1 հաշվով (17-21, 22-20, 21-15) հաղթեց Աֆղանստանի ներկայացուցիչ Ահմադ Ֆահիմ Յարիին: Երկրորդ խաղում նա 21-10, 21-11 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իրաքի ներկայացուցիչ Մուրթա Նասերի նկատմամբ: Նույն օրը կայացած 1/32-րդ փուլի մրցավեճում Միսակյանը 6-21, 14-21 հաշվով պարտություն կրեց Իրանի ներկայացուցիչ Ամիր Ջաբարիից:
Անահիտ Մանուկյանին և Մարիետա Նիկոյանին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Մանուկյանը 21-8, 21-8 հաշվով զիջեց Իրանի ներկյացուցչուհի Զահրա Քահրիզիին: Նիկոյանը 21-7, 21-9 հաշվով պարտվեց Իրանցի Ֆեիզմանեշ Էլնազին:
Քանի որ այս մրցաշարին մասնակցում էին մեծ թվով խաղացողներ, Իրանի բադմինթոնի ֆեդերացիան որոշ խաղացողների պահեց որպես պահեստայիններ: Այդ ցուցակում հայտնվեց նաև Քնարիկ Մարգարյանը, հետևաբար նա հանդես չեկավ կանանց մենախաղերում:
Լիլիթ Պողոսյանը, ով Եվրոպայի պատանեկան վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 61-րդ տեղը, իսկ աշխարհի կանանց վարկանիշային աղյուսակում՝ 520-րդ տեղը, 1/16-րդ փուլ մտնելու համար մղվող պայքարում 14-21, 21-18, 21-12 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցչուհի Պեգահ Կամրանիին:
Կանանց զուգախաղերում Լիլիթ Պողոսյան-Քնարիկ Մարգարյան զույգը 21-12, 21-14 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող փորձառու Պետյա Նեդելչևա-Անետա Դուկովա զույգին:
Մարիետա Նիկոյան-Անահիտ Մանուկյան զույգը 2-1 հաշվով (21-23, 21-16, 21-13) պարտվեց Իրաքը ներկայացնող Ալ Բայաթի Ինաս Խարիս Ռաշիդ – Ադրա Ռաշիդ զույգին:
Վերադառնալուն պես աղջիկների և տղաների հավաքական թիմը սկսեց նախապատրաստվել Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը կայանալու է մարտի 24 – ից ապրիլի 4-ը Լեհաստանի Լուբին քաղաքում: Առաջնությանը կմասնակցեն 2 տղա, 2 աղջիկ: Մինչ Եվրոպայի առաջնությանը մեկնելը, հավաքականի անդամներ Լիլիթ Պողոսյանը և Քնարիկ Մարգարյանը փետրվարի 24 – ից մարտի 1 – ը կմասնակցեն Հոլանդիայի պատանեկան առաջնությանը, որից հետո իրենց ուժերը կփորձեն մարտի 5-8-ը կայանալիք Գերմանիայի պատանեկան առաջնությանը:
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա
|